Եթե Հայաստանում լիներ առողջ, հեռանկարային ինստիտոցիոնալ ընդդիմություն,
այն այսօր պարտավոր էր պաշտոնապես պատասխանել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչին՝ երեկվա
հայտարարության առիթով. գրում է «Այլընտրանքային նախագծերի խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանը։
«Պետության շահն է պահանջում, որ հենց ընդդիմությո´ւնը պատասխաներ,
որպեսզի Ռուսաստանում ֆիքսեին, որ Հայաստանը միայն օրվա արկածախնդիր իշխանությունը
չէ, այլ՝ տարբերվող օրակարգով ու տեսակետներով ընդդիմություն։
Եթե մենք ունենայինք այնպիսի ընդդիմություն, որն իսկապես կարևորում
է ՌԴ հետ դաշնակցային հարաբերությունները, որը հասկանում է հարաբերությունների սրման
ողջ ռիսկայնությունը, այնպիսի ընդդիմություն, որն ավելի լուրջ կլիներ, քան գործող իշխանությունը,
ապա այն պետք է արձագանքեր ՌԴ ԱԳՆ-ին»,-գրում է նա։
Հովհաննիսյանը նշել է, որ խոսքն այնպիսի ընդդիմություն մասին է,
որը ոչ թե սպասում է Մոսկվայից «փոստատարի լուրին», այլ ունակ է ասելու Մոսկվային,
որ հայ հասարակության մեջ մի շարք լուրջ հարցեր կան, և մենք դրանք ձևակերպում ենք,
ու որ այդ հարցերի համատեղ քննարկումն ու լուծումներ գտնելն է հենց հայ-ռուսական օրակարգը։
«Իսկ Զախարովայի հայտարարությունը բազմաթիվ
կիսաճշմարտություններ է պարունակում, ոչ ճիշտ շեշտադրումներ։ Եվ նրանք, ովքեր իսկապես
կողմ են հայ-ռուսական առողջ, դաշնակցային հարաբերություններին, պարտավոր են դա ասել։
Հակառակ դեպքում Հայաստանից երկու ուղերձ է գնում Ռուսաստան՝ կա´մ
իշխանական՝ «մենք ձեզ համարում ենք միակ մեղավորը», կամ հակառակ՝ « Ինչ ասեք՝ կանենք»,-գրել
է նա։
Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան
երեկ հայտարարություն էր տարածել և նշել, որ Արևմտյան կեղծ միջնորդները, ԱՄՆ-ն ու ԵՄ-ն,
ի տարբերություն Ռուսաստանի, չեն ջանում խաղաղություն ու կայունություն բերել Հայստան
կամ Հարավային Կովկասի այլ երկրներ։ Նրանց նպատակը բոլորովին այլ է․ ստվերել մեզ և
տարածաշրջանային մյուս դերատակարներին, ստեղծել լարվածության նոր օջախ Բալկաններից,
Մերձավոր Արևելքից և Ուկրաինայից հետո։