Եվրամիությունը հոկտեմբերին ԵՄ ղեկավարների մակարդակով կայացած
հանդիպման ժամանակ շատ հստակ ասաց, որ մենք ցանկանում ենք ուղիներ փնտրել Հայաստանին
հետագա աջակցության և Հայաստանի հետ մեր համագործակցությունը խորացնելու համար։ Այնուհետև
արտաքին գործերի նախարարների կողմից քննարկումներ եղան, և նախարարներն ասացին, որ ԵՄ
կողմից դիտարկվող ուղիներից մեկը վիզային ռեժիմի ազատականացումն է․ այս մասին «Արմենպրես»-ին տված հարցազրույցում
ասել է Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների
հարցերով գլխավոր խոսնակ Պետեր Ստանոն։
«Մենք պատրաստվում ենք ուսումնասիրել Հայաստանի հետ վիզայի ազատականացման
տարբերակները: Սա նշանակում է, որ մենք կսկսենք գործընթաց՝ տեսնելու, թե արդյոք դա
իրագործելի՞ է, հնարավո՞ր է։ Վիզաների ազատականացումը շատ կարևոր բան է, քանի որ այն
շոշափելի և տեսանելի է մարդկանց համար: Բայց դա նաև մի բան է, որին բոլոր անդամ պետությունները
պետք է համաձայնություն տան»,- ասել է նա
Ստանոն խոսել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի՝
իրենց տներ վերադարձի կարևորության մասին՝ միջազգային երաշխիքի ներքո։
«Պետք է երաշխիքներ լինեն այդ մարդկանց անվտանգ վերադարձի համար,
եթե նրանք որոշեն վերադառնալ։ Մենք նաև ավելացրել ենք մեր մարդասիրական օգնությունը
բռնի տեղահանվածներին։ Մենք շարունակում ենք պահանջել միջազգային մուտք և միջազգային
ներկայություն Լեռնային Ղարաբաղում՝ որպես ժողովրդի համար այս երաշխիքների մաս»,-նշել
է խոսնակը։
Մանրամասն՝ սկզբանղբյուր կայքում։